ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դրա՞յվ, թե՞ դրեյֆ

Դրա՞յվ, թե՞ դրեյֆ
04.11.2016 | 00:58

Երկօրյա ձմեռն անցավ, առաջին ձյունը, ինչպես սերը, կուտ գնաց ու հալվեց: Տեղ-տեղ: Իսկ տեղ-տեղ կոտրեց ծառերն ու նետեց ճանապարհներին, ինչ-որ տեղ էլ՝ տանիքներին: Միջերկրածովյան ցիկլոն է, ծով չկա, քամին չգա՞:

Պարոնայք երդվյալ ատենակալներ, ամեն ինչ վերահսկվում է: Ոչ մի խնդիր չկա, որ ՀՀԿ-ն մինչև ընտրությունները պատրաստ չլինի լուծել: Դրայվը հիմա ապրում է Մելիք-Ադամյանում ու միայն մեկ-մեկ է հասնում Հանրապետության հրապարակ՝ այնտեղ սկսվել է դրեյֆը: Վարչապետն ու կառավարությունը խրված են ընտրական տարվա պետական բյուջեի նախագծի խորխորատներում: Ոչ միայն իրենք են խրված, այլև պատգամավորներին են խրել: Օրինակ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հաստատել է, որ նվազագույն աշխատավարձը՝ հարկերը հանած, 2017-ին մնալու է 55000 դրամ: Միջինացված կենսաթոշակը կլինի 42000 դրամ: Քանի՞ օր կապրեր Արտեմ Ասատրյանը 55000 դրամով, եթե մինչև 20000-ը վճարելու է կոմունալ ծախսերը, կապրե՞ր օրը հազար դրամով:

Կկարդար, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում արտագաղթն ու աղքատությունը նվազեցնելու համար, և ոչ քա՞ղց կզգար, ոչ հագո՞ւստ կառներ, ոչ կհիվանդանա՞ր, ոչ հյո՞ւր կգնար, ոչ հյուր կընդունե՞ր, կապրեր հոգևոր-մշակութային կյանքով՝ առավոտից կաղոթեր, որ Աստված անսասան պահի կառավարությանը և դրամի կուրսը, պատկերացնո՞ւմ եք՝ Կենտրոնական բանկը որոշի դրամն արժեզրկել: Երեկոյան էլ կաղոթեր, որ մինչև առավոտ ցրտից չմեռնի: Աղոթք, աղոթք մինչև գարուն: Ընտրությունները կգան՝ փողն էլ հետը: Քիչ-շատ, եկամուտ է: Չմոռանամ ասել՝ զուգահեռ պայքար է ծավալվում կոռուպցիայի դեմ, օրինակ, գտել են մի դատավորի ու հիմա ո՛նց են դատելու՝ դատապարտելու են չարագործին, որ մյուս դատավորների ձեռքը ուրիշի գրպանը չմտնի:


Ավելին, պարոնայք երդվյալ ատենակալներ, ավելին էլ կա՝ նոյեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթևեկության կարգավորման և վճարովի ավտոկայանատեղիների թեմայով: Նախորդ վարչապետի ժամանակ էլ նախագահը խորհրդակցություններ էր անում ու նրան չէր հրավիրում: ՈՒ ի՞նչ կա արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի մասով:


Նախագահը շեշտել է, որ նորարարությունների ներդրումը քաղաքացիներից փող հավաքելու նպատակ չի ունեցել, թելադրված է եղել ճանապարհային երթևեկության խախտումները կանխարգելելու մղումով: Մղումը՝ մղում, վիճակագրությունը վկայում է, որ ճանապարհային պատահարների, զոհերի և վիրավորների քանակը չի նվազել: «Սեքյուրիթի դրիմը» ստանում էր տուգանքների 70 տոկոսը, ոստիկանությունը՝ 30: Հետո համամասնությունը փոխվեց` 50:50, անգամ տուգանքի չափերը նվազեցին, իսկ միլիարդները պտտվում էին տուգանքների ու կարմիր գծերի շուրջ, որ «Փարքինգ Սիթի Սերվիս»-ինն էին: Նա էլ ստանում է կարմիր գծերի համար վճարումների 70 տոկոսը, 30 տոկոսը քաղաքապետարանին փոխանցելով: Չե՞ք վճարի 100 դրամը, կտուգանվեք 5000: Բիզնես՝ օդից: Բայց՝ ավարտվեց: Նախագահն ասել է. «Այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որ ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից»: Մեկ շաբաթ, առավելագույնը տասը օր է տրվել որոշումների կայացմանը: Կարելի էր մեկ օր էլ տալ, միևնույն է, որոշումները վաղուց կայացված են, կատարողները տեղեկացվելու են, թե ինչ են որոշել: Ընտրություններից հետո որոշումները կարող են փոխվել՝ նայած դրայվին: Ընթացիկ կորուստներն էլ կփոխհատուցվեն:


Դրայվի ու դրեյֆի միջակայքում տատանվում է Գագիկ Ծառուկյանը: Մի քանի օր առաջ նա որոշեց, որ իր վերադարձի հարցը պիտի լրագրողները լուծեն՝ գնան, խնդրեն, որ վերադառնա: Կգնան, թե չեն գնա, ով գիտի: Մեկ էլ տեսար՝ չգնացին: Կարևոր գործերը նա արդեն արել է՝ վարսավիրանոց է գնացել և փողկապ է կապում: Հետևում է պետական ու քաղաքական գործչի դրես կոդին, իսկ հմայքը նվազում է՝ այդպես բոլորն էլ կարող են, նույնիսկ նրանք, որ այդքան փող չունեն ու այդպես ճանաչված չեն Հայաստանում, Բելառուսում ու Բրյուսելում:

Նրա չվերադարձի համար ամենից շատ պիտի ՀՅԴ-ականներն աղոթեն, բայց ՀՅԴ-ն՝ ուր, աղոթքն՝ ուր: Գագիկ Ծառուկյանը վերադարձավ, հետընտրական կոալիցիան բոլորովին այլ տեսք է ունենալու: Կոալիցիա չեղավ էլ, ՀՅԴ-ի կարկանդակն այլ տեսք է ունենալու: Կարեն Կարապետյանը քիչ էր ՀՅԴ-ին, հիմա էլ Գագիկ Ծառուկյանը: ՀՅԴ-ի դրայվն էլ է դրեյֆի վերածվում: Ինչ-որ գործընթացներ են ծավալվում, ՀՅԴ-ն հընթացս չի կողմնորոշվում անելիքի ու ասելիքի մեջ, բայց իբրև ամենափորձառուն մանևրում է ու ժամանակ է ձգում: Դրեյֆն էլ է ուղիղ ճանապարհ, դրայվը երկար տարածության համար չէ:


Կարծես կարճանում է և Վիկտոր Դալլաքյանի «երկար տարածությունը». նա էլ է հայտնվել դրեյֆի մեջ՝ դրայվը սպառելով սկանդալային հայտարարություններում: Չգիտես՝ «Շրջադարձ»՛, չգիտես Խաչատուր Քոքոբելյանից գնած «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դոփում է տեղում՝ ֆինանսները սպառվել են, Սեյրան Օհանյանի հայտարարությունը չկա: Մոսկվա-Երևան՝ հանդիպումներ այստեղ ու այնտեղ խորհուրդներ, խոստումներ, հիշեցումներ: Սեյրան Օհանյանն ունի անսահման ժամանակ՝ մտածելու, Վիկտոր Դալլաքյանը չունի: Ի՞նչ պիտի անի նա, եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարարը որոշի, որ ընդդիմադիր դաշտը իր համար չափազանց կտրուկ շրջադարձ է, հիմա էլ ԼՂՀ ՊԲ նախկին նախարարին գտնի՞: Սեյրան Օհանյա՞ն, թե՞ Սամվել Բաբայան՝ նախարարը նախարար է, թեկուզ նախկին: Ի՞նչ տարբերություն, խնդիրը չի փոխվում: Իսկ գուցե փոխվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ինչի՞ն է պետք Վիկտոր Դալլաքյանը: Խելքը, փողը և բախտը երբեք նույն հասցեն չեն ունենում:
Դրա՞յվ, թե՞ դրեյֆ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ո՞վ կարող է ասել՝ մինչև տարեվերջ կստորագրվի՞ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Գուցե ԱԳ նախարարն ասեր, բայց նա Հայաստանի արտաքին քաղաքականության առաջ նոր մայր ցամաքներ է բացում, պարզապես տանը չէ: ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը Երևանում էր, վեցերորդը կլինի Բրյուսելում: ԱԳՆ-ից հաճույքով ու մանրամասն կբացատրեն, որ բանակցությունները բնականոն հունով ընթանում են, բայց փակ են, ու մանրամասներ հաղորդել չեն կարող՝ նախքան ավարտը: Գուցե ավարտից հետո էլ չհաղորդեն:

Չասեն էլ՝ պարզ է, քաղաքականությունը հանած, տնտեսությունը հանած՝ համագործակցում ենք: Իսկ ԵՄ-ն մնում է Հայաստանի թիվ մեկ դոնորը ու բաց է պահում շուկան: Արևելյան գործընկերությունը ԵՄ-ն շարունակում է: Հիմա արի ու գուշակիր՝ Մոսկվան ի՞նչ կորոշի՝ ԵՄ-ի հետ գոնե մի բաց դուռ պահե՞լ Հայաստանի միջոցով, թե՞ թշնամին թշնամի է, նույնիսկ եթե բարեկամի բարեկամ է: Վարչապետի ու իր կառավարության համար ԵՄ-ի հետ հարաբերությունները իրական ցուցիչ են՝ անկա՞խ ու Հայաստանի շահերից բխո՞ղ քաղաքականություն է վարում, ստեղծված ծանր վիճակից դուրս գալու բոլո՞ր ելքերն է օգտագործում, թե՞ թույլատրված: Իսկ կախյալ քաղաքականության պատկերը «փոխհատուցվում է» կադրային քաղաքականությամբ՝ հասարակությանը հույսեր ներշնչելու, որ կադրերը փոխվում են, կփոխեն և համակարգը: Առաջին դեմքերի փոփոխությունից հետո փոխնախարարների փոփոխությունը, փոխմարզպետների պաշտոնի ընդհանրապես վերացումը պետական կառավարումը իրապես դարձնելո՞ւ է դինամիկ: Ընտրություններից հետո չի՞ ծագելու յուրայինների համար աշխատատեղերի ստեղծման հարցը ու նորից ավելացվեն փոխնախարարների ու փոխմարզպետների հաստիքները: Եղե՞լ է այդպես, եղել է: ՈՒ՝ ի՞նչ:


Իսկ ընդհանրապես պետական կառավարման համակարգի կատարելագործումը հետաքրքիր գործ է: Նայած ինչ խնդիր ես դնում. եթե առաջին հերթին գործի շահերից ես ելնում, միանգամայն արդարացված է օպտիմալացումը, եթե խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է՝ մեկ մարդու մեկ օրվա գործը կարող են երեք մարդ անել վեց օրում: Սա երկու ծայրով փայտ է՝ համակարգը գերուռճացված է, բայց կա սոցիալական խնդիր՝ աշխատանքից օպտիմալացման պատճառով զրկվածները աշխատաշուկայում գտնելո՞ւ են համարժեք աշխատանք, մրցունա՞կ են՝ առանց վերապատրաստման: Սոցիալական բևեռացումը կարող է ավելի խորանալ նրանց համար, ովքեր պետական կառավարման համակարգում հայտնվել էին իրենց ուժերով: Օպտիմալացումն առաջին հերթին նրանց է վերաբերելու, հովանավորները իրենց շահառուներին տեղից տեղ են տեղափոխելու, իսկ նրանք մնալու են գործազուրկ: Նրանց մասին պիտի մտածի պետությունը՝ ժամանակ կունենա՞ Կարեն Կարապետյանը: Թե՞ անիվը հետ է պտտվելու:


Վարչապետի դրայվը իրապատում դարձնելու փաստեր էլ եղան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Պաշտոնական հայտարարությունից ելնելով՝ նպատակը վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը կանխելն է, բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի նպաստավոր պայմաններ ստեղծելը, խրախուսելը, գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը: Միով բանիվ՝ առաջարկում են սակագինն իջեցնել: Գլխավոր գործոննե՞րը՝ Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազումը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը: Հայտարարությունը ամեն ինչ էլ կարող է հայտարարել ու հիմնավորել, բայց հարցերին պատասխանել չի կարող: Հարցերը ոչ այնքան քաղաքական են, որքան մերկանտիլ՝ ընտրություններից հետո Մոսկվան իր նվերը Կարեն Կարապետյանին կարո՞ղ է Հայաստանից հետ ուզել, ինչ-որ պատճառով գազի սակագինը բարձրացնելով, համակարգում ինչ-որ բեկոր մնացե՞լ է հայկական, որ հետո Մոսկվան «գույք՝ պարտքի դիմաց» սկզբունքով սեփականելու է: ՈՒ ընդհանրապես՝ Հովիկ Աբրահամյանն ի՞նչ մեղք էր գործել, որ նրա օրոք գազի սակագինը մի քանի դրամով չնվազեց ու չներկայացվեց իբրև համատիեզերական նվաճում: Եվս մի քննություն է հանձնելու վարչապետը՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական ապրանքների մրցունակության «Գազպրոմի» մոնոպոլիայի վրա ձեռք կբարձրացնի՞:

Նկատեցի՞ք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, երբ Իրանի ԱԳՆ-ն տեղեկություններ տարածեց, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը ՀՀ արդեն որոշված է: Կգա՞ վերջապես Հասան Ռոհանին Հայաստան՝ իր նախագահության վերջնամասում՝ 2017-ին Իրանում նախագահական ընտրություններ են: Եվ՝ ի՞նչ օրակարգով: «Տարածաշրջանային խնդիրների քննարկմա՞ն»՝ ինչպես պաշտոնական տեղեկատվությունը կվկայի, թե՞ կստորագրվեն համագործակցության որոշակի ծրագրերի վերաբերյալ համաձայնագրեր: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Հայաստան էր եկել, որ ասեր՝ թող գա՞ Հասան Ռոհանին: Ձեր պատվիրակությունն էլ կարող եք Թեհրան ուղարկե՞լ: Իրանի հետ գազի առք ու վաճառքի պայմանագիր կստորագրվի՞, անգամ եթե Իրանում «Էներգաիմպեքս» ընկերությունը արդեն նախաստորագրել է: Թերևս՝ այո, չի կարող Մոսկվան Կարեն Կարապետյանին զինաթափել՝ վճռական մարտից առաջ: Իսկ ընտրություններից հետո, նայած արդյունքների՝ կպարզվի՞՝ Հայաստանը «Գազպրոմին» պա՞րտք է (ասենք՝ 300 միլիոն դոլար), թե՞ դարավոր բարեկամությունը շարունակվում է: Տարածաշրջանում ու աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Պարոնայք երդվյալ ատենակալներ, իհարկե, դրայվից ու դրեյֆից բացի բազում բառեր կան՝ դրամից դոլար, դրախտից դժոխք, ու՝ շատ ավելի: Դիլեմա է, որի դրոշի տակ դուք եք ընտրում՝ ինչը ընտրել: Ընդամենը: Իսկ 2017-ը Աքաղաղի տարի է, ասում են՝ ամենից շատ հավերն են ուրախանում:

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ